Հունիսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց. «ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարեւոր միջոցառում է: Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»:
Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ, ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ եւ հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում եւ ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի եւ մոբայլ առեւտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը», - ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական եւ բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:
Տեխնոլոգիական ֆորումին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ: Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ «Բիզնես ֆորում կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր «Բիլայն», ինչպես նաեւ ՀՀ Առողջապահության, Արդարադատության եւ Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «ԷԿԵՆԳ», «Գրանթ Թորնթոն», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո» (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» եւ այլ ընկերություններ:
Նախատեսվում է, որ մինչ ֆորումի մեկնարկն ընկերությունների թիվը կհասնի 70-ի, իսկ այցելությունների թիվը կհասնի 3000-ի:
Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս եւ մասնագիտական քննարկումներ հետեւյալ թեմաներով՝
- Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
- Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
- Էլեկտրոնային կառավարում
- Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
- Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
- ՏՀՏ եւ նորարարական տեխնոլոգիաները բժշկության եւ առողջապահության ոլորտում
- Կիբեր անվտանգություն
[Ի դեպ, այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների անակնկալ է սպասվում: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:





























