Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Երեւանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը: Երկլեզու՝ ռուսերեն եւ անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաեւ Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները:
Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաեւ Երեւանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով էլ ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության եւ այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքեր: Այստեղ նշված է նաեւ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի եւ տուրիզմի բաժնի հեռախոսահամարները: «Երեւանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները:
«Քարտեզը տպագրվել է քսան հազար օրինակով: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում եւ անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, սպասարկման կենտրոններում, այդ թվում՝ հյուրանոցներում եւ սպասարկման տարբեր օբյեկտներում: Ուսումնասիրելով դաշտը՝ մեր գլխավոր նպատակն էր ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց, որի օգնությամբ Երեւան այցելող զբոսաշրջիկները կկարողանան հեշտորեն կողմնորոշվել քաղաքում: Բացի այդ, քարտեզը որոշակի առումով նաեւ ինքնատիպ մասնագիտական աջակցություն է զբոսաշրջային ընկերություններին»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
Երեւանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու եւ քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, առանձին առաջարկվում է նաեւ այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երեւանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում եւ Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, քարտեզում առկա է նաեւ մշակութային որոշ հաստատությունների աշխատանքային ժամերի եւ մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն:
Մարիա Բարաղամյանը նաեւ տեղեկացրել է, որ կարեւորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝ հետագայում նախատեսվում է քարտեզում ընդգրկել նաեւ մյուս վարչական շրջանները:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տուրիզմի բաժնի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշվել է, որ աշխատանքներ են տարվում միանգամից մի քանի ուղղություններով: Հատկապես վերջին շրջանում շեշտադրված ուշադրություն է դարձվում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում առանձնացվել է փառատոների անցկացումը, այդ թվում «Երեւանյան ամառ 2015» ծրագրով օրեր առաջ «Համով–հոտով Երեւան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը, որն իր հերթին լայն արձագանք էր գտել եւ հետաքրքրություն առաջացրել զբոսաշրջիկների շրջանում:
«Դեռեւս 2014-ին «Էրեբունի-Երեւան 2796» միջոցառումների շրջանակում անցկացված «Երեւան 2025» համաժողովի ընթացքում ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման տեսլականը, որի մեջ առանձնանում էր Երեւանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակը: Սա իհարկե, շատ ծավալուն աշխատանք է, սակայն քայլեր այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են: Արդեն մեկուկես տարի շարունակվում են աշխատանքները քաղաքի տարածքային բրենդի մշակման ուղղությամբ»,-ընդգծել է տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
Խոսելով մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների վիճակագրությունից՝ նշվել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ, որի 34 տոկոսը ԱՊՀ, ավելի քան 18 տոկոսը՝ եվրոպական երկրներից: Մարիա Բարաղամյանը շեշտել է, որ մեր երկիր այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն իրենց հանգստի նվազագույնը 2-3 օրն անցկացնում են Երեւանում:
Հետաքրքրական է, որ ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց եւ մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն են դիտարկել եւ հյուրանոցների ամրագրման տեսանկյունից առաջատար դիրքերում է գտնվել Երեւանը:





























