Բելգիայի խորհրդարանական ընդդիմությունը համաձայնություն է ձեռք բերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծում համատեղ փոփոխությունների շուրջ, որոնցով դաշնային կառավարությունը կոչ է արվում ճանաչել այն: Առաջարկները ներկայացվել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկում:
Ըստ բելգիական 7sur7.be կայքի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում ներառվել է «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցությունից Ժորժ Դալմանյի բանաձեւի նախագիծը, որում առաջարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը տարածել նաեւ հույների եւ ասորիների վրա:
Խորհրդարանական մեծամասնությունը բանաձեւի նախագիծը պատրաստել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Սակայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել տեքստում, քանի որ բանաձեւի նախագիծը Բելգիայի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բացահայտ պահանջ չի պարունակում:
Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը 1998 թվականին համապատասխան բանաձեւի ընդունմամբ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:





























