ՏԵՄՊՈՒՍ «Բարձրագույն կրթության փոփոխությունների նախաձեռնում եւ կառավարում (La MANCHE)» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 19-ին կկայանա ազգային խորհրդաժողով բարձրագույն կրթության ոլորտի տարբեր շահառուների մասնակցությամբ` որոշում կայացնողներ, կոնսորցիումին չպատկանող բուհեր, քաղծառայողներ, բիզնես կազմակերպություններ, ուսանողական միություններ, գենդերային հավասարությամբ զբաղվող կազմակերպություններ:

Խորհրդակցության ընթացքում ծրագրի հայաստանյան գործընկեր հաստատությունները (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան) արտաքին շահառուների հետ միասին կքննարկեն բարձրագույն կրթության արդիականացման հետ կապված խնդիրները, որոնք առկա են ուսումնական ծրագրերի եւ պլանների մշակման, ուսանողների ղեկավարման եւ ինքնակառավարման, բուհերում որակի ապահովման եւ կրթության միջազգայնացման գործընթացներում: Ելույթ կունենան նաեւ ծրագրի ԵՄ գործընկերները Բուլղարիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Հունաստանից:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի աշխատակազմը, ինչպես նաեւ կրթության որակի ապահովման ոլորտի փորձագետներ:

 Ծրագրի հիմնական նպատակն է խթանել բարձրագույն կրթության արդիականացումը` մասնակից բուհերում ղեկավարման եւ կառավարման կարողությունների կատարելագործման, համապատասխան շահագրգիռ կողմերի միջեւ արդյունավետ երկխոսության, բուհերում որոշումների կայացման գործընթացում ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով:

 «La MANCHE» կոնսորցիումը 29 հաստատությունների` արեւելյան հարեւանության երկրների 23 բարձրագույն ուսումնական հաստատությունների, ԵՄ 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ Միացյալ Թագավորության 1 բիզնեսի զարգացման ընկերության համագործակցության արդյունք է:

Կոնսորցիումում ներառված են 10 երկիր.  5-ը` Արեւելյան գործընկերության գործընկերության (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա), իսկ 5-ը` եվրոպական երկրներ են (Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Հունաստան, Պորտուգալիա):