ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով՝ Պոլիտեխնիկական համալսարանից խաբեությամբ խոշոր չափի՝ 1.476.950 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձին օժանդակելու համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հայտնում են, թե Վահե Կամոյի Կիրակոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով 17.02.2015թ. ազատվել էր աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ:
Վահե Կամոյի Կիրակոսյանն իր նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի եւ Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի հետ աղմկահարույց մի շարք հարցազրույցներ էր տվել՝ Պոլիտեխնիկում նոր վարչակազմի կողմից համալսարանում կարգապահության եւ օրինականության վերականգնման աշխատանքները որակելով որպես ապօրինություններ եւ ճնշումներ:
Վահե Կիրակոսյանը տարբեր լրատվամիջոցներում տպագրված մտացածին, վարկաբեկիչ եւ ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ նյութերի հեղինակ է, ինչպես նաեւ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից հաճախ հիշատակվող եւ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին վերագրվող Պոլիտեխնիկի «աղմկահարույց» սկանդալների հրահրիչներից է, ասվում է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:





























