Իսպանական արքայադուստր Քրիստինան եւ նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որոնց դեմ Իսպանիայում դատական գործ է հարուցված, հունիսի 18-ին վճարել են Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանի նշանակած գրավի մի մասը: El Pais-ի փոխանցմամբ, խոսքը 2.3 մլն եվրոյի մասին է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այդ գումարը վճարելու համար նրանք վաճառել են Բարսելոնայի մերձակայքում գտնվող Պեդրալբեսի իրենց առանձնատունը: Ամուսիններն այն ձեռք են բերել 2004 թվականին, 5.8 մլն եվրոյով, եւս 3 մլն էլ ծախսել են վերանորոգման համար, իսկ կարողացել են վաճառել 6.95 մլն եվրոյով: Գնորդի անունը չի հրապարակվում:

Ընդհանուր առմամբ, ամուսինները պետք է դատարանին 16.1 մլն եվրո վճարեն. Ուրդանգարինը՝ 13.5 մլն, Քրիստինան՝ 2.6 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Ինյակի Ուրդանգարինի դեմ 5.8 մլն եվրոյի հափշտակման մասին քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը պահանջում է նրան 19.5 տարով ազատազրկման դատապարտել:

Իսկ Քրիստինան մեղադրվում է մասնակցության համար: Նրա դեմ դատաքննությունը, հավանաբար, կմեկնարկի 2016 թվականի սկզբին: