Տաջիկստանի ՕՄՕՆ-ի նախկին հրամանատարը, որը մայիսի վերջին մեկնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվելու, համացանցում տեսանյութ է հրապարակել, որում հերքում է իր խելագարությունը եւ սպառնում կտրել հարազատ եղբոր գլուխը, որը նրան կոչ է անում տուն վերադառնալ:
Գնդապետ Գուլմուրոդ Հալիմովին Տաջիկստանի պետական մի շարք լրատվամիջոցներ խելագար են անվանել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա միացել է ԻՊ-ին, իսկ երկրի Գլխավոր դատախազությունը նրան պետական դավաճանության եւ ապօրինի զինված կազմավորումներին անդամակցության հեռակա մեղադրանք է առաջադրել:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, մայիսի 28-ին սոցիալական ցանցերում հայտնվել էր տաջիկ ՕՄՕՆ-ականի առաջին տեսաուղերձը, որում Հալիմովը հայտարարել է, որ Սիրիայում է, որտեղ «պայքարելու է մահմեդականների իրավունքի համար»: Նա նաեւ խոստացել է, որ վերադառնալու է Տաջիկստան՝ շարիաթի կանոնները հաստատելու համար:
Նրա եղբայրը՝ Տաջիկստանի Արդարադատության նախարարությունում աշխատող փոխգնդապետ Սաիդմուրոդ Հալիմովը, մայիսի 31-ին բաց նամակ էր ուղարկել եղբորը՝ կոչ անելով վերադառնալ Տաջիկստան եւ պատասխան տալ օրենքի առջեւ:


























