Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (ՖՀԿՀԽ) դատապարտել է հունիսի 13-ին Լիոնում Թուրքիայի հյուպատոսության ցուցանակի առջեւ նստացույցի ժամանակ երիտասարդ հայ ակտիվիստների դեմ թուրքական կողմի գործողությունները: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Կազմակերպությունը նշել է, որ հայ երիտասարդները խաղաղ բողոք են արտահայտել թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այդ երիտասարդներն արտահայտեցին արդարության համար պայքարում հայ ժողովրդի վճռականությունը: Երիտասարդ ակտիվիստներին արագորեն շրջապատեցին, սկսեցին սպառնալ եւ վիրավորել: Նրանցից չորսը, որոնց ծեծեցին Թուրքիայի ցուցանակի համար պատասխանատուները, հետագա մի քանի օրերին առողջական խնդիրների պատճառով չկարողացան աշխատանքի ներկայանալ»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները նաեւ հավելել են. «Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնության եւ անպատիվ արձագանքի այդ ակտը եւ հիշեցնում, որ ազատ արտահայտման իրավունքը Ֆրանսիայում հիմնարար արժեք է: Թուրքիան պետք է իմանա, որ հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն հիմնված է ճշմարտության, արդարության վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենը հարձակվել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական ասոցիացիայի անդամների վրա: Միջադեպը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ, երբ ցուցարարները Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ են հանդես եկել: