Բռնատիրությունից ձերբազատումը հեշտ չի լինում։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման մեծ հավաք-երթին: (ֆոտոռեպորտաժ)
«Բռնատիրությունից ձերբազատումը հեշտ չի լինում, սա գիտակցելով, պետք է լավ պայքարենք: Մեր երկիրն արտակարգ իրավիճակում է գտնվում և լուծումները նույնպես արտակարգ պետք է լինեն: Մենք գիտակցում ենք, որ երկար ժամանակ չունենք և անհրաժեշտ է, որպեսզի այս տարի իշխանության փոփոխություն լինի։ Մենք այժմ փորձում ենք քաղաքական կոնսոլիդացիա անել, արդեն առաջին քայլերն արել ենք: Այն քաղաքական ուժերը, որոնք գիտակցում են, որ մեր երկիրն արտակարգ իրավիճակում է և անիմաստ է սպասել 2018թ., նրանց հետ գնում ենք քաղաքական երկխոսության »,-ասաց նա՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ճանապարհով է գնում:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարը պետք է շարունակական լինի, քանի որ, բազմաթիվ նախադեպեր կան, որ որոշումը կայացրել են, սակայն քաղաքացիական համառ պայքարի արդյունքում փոխվել է այն:
«Քաղաքացիական պայքարի մեթոդները մենք միշտ խրախուսել ենք: Մենք հետևոմ ենք, որ շարժումը նախաձեռնողները չսայթաքեն, այնպես չլինի, որ շարժումը դադարի: Եթե մտավախություններ լինեն, որ այս շարժումը կարող է թուլանալ, կմիջամտենք: Կգա պահը, որ արժանապատվության համար պայքարողներին վերջապես կհաջողվի ազատվել այս ռեժիմից»,- ասել է Սեֆիլյանը:
Նշենք, որ այսօրվա ակցիային միանալու մասին հայտարարել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ–ն, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Ազատության հրապարակում են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Հայկական վերածնունդ» միավորումը։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























