ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է 81-ամյա տղամարդու մահը։

2015 թվականի հունվարի 18-ին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ, որտեղ հայտնաբերել է տարեց մարդու դի:

Քննությամբ պարզվել է, որ մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի Ռ.Խաչատրյանն է, ում դիահերձմամբ հայտնաբերվել են կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները. ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա դրանք ստացել է  վայր ընկնելու հետեւանքով։

Այսպես՝ Ռ.Խաչատրյանը 2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Եղբայրության եւ Չեխով փողոցների հարակից տարածքի  ավտոկայանատեղի մոտ վայր է ընկել ասֆալտապատ ճանապարհին եւ  շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոն։

11.06.2015թ. ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 61/հձ եզրակացության համաձայն` շտապօգնության աշխատակիցների, մասնավորապես՝ բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության ժամանակ խախտումներ եւ բացթողումներ թույլ չեն տրվել. ախտորոշվել է «աջ ազդոսկրի վզիկի կոտրվածք» եւ կայացվել  ճիշտ որոշում` հիվանդը տեղափոխվել է բազմապրոֆիլային հիվանդանոց: Սակայն բժշկական կենտրոնում նրան չեն պահել դինամիկ հսկողության տակ։

Քննությամբ պարզվել է, որ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ընդունվելուց հետո կատարվել է Ռ.Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ ռենտգենոլոգի կողմից չեն հայտնաբերվել կոնքի ոսկրերի կոտրվածքները, ու հիվանդը դուրս է գրվել, թեեւ  չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել։

Քրեական գործով նշանակված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել  կոնքոսկրերի կոտրվածքների եւ հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունները:

Կատարված ռենտգեն նկարները որակապես եղել են թերի (կատարվել են հիվանդի հարկադրական դիրքի պայմաններում), որոնցում կոտրվածքների առկայությունը որոշելը, մասնագիտական տեսանկյունից, դասվում է դժվար տարբերակների շարքին: Նման ռենտգեն արդյունքների առկայության դեպքում բժիշկ վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ եւ ախտորոշումը ճշտելուց հետո ուղարկեր ստացիոնար բուժման:

Այսինքն՝ փորձագետների եզրակացությամբ՝ հիվանդը նման վիճակում, երբ չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել, պետք է մնար «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքում երկարատեւ հսկողության տակ, եւ կատարվեին կրկնակի հետազոտություններ, ԿՏ համակարգչային շերտագրում:

Նշված գործողությունների չկատարումը բերել է բուն հիվանդության` վնասվածքների չախտորոշմանը եւ հետագայում հիվանդի վիճակի ծանրագույն բարդացմանը՝ մահվան ելքի առաջացմամբ:

Քննությամբ նաեւ պարզվել է, որ նախքան մահանալը Ռ.Խաչատրյանի մոտ եղել է մատանի եւ գումար, ինչը հետագայում չի հայտնաբերվել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի հունիսի 17-ին որոշում է կայացվել կարճել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի վարույթը` հանցադեպի բացակայության հիմքով:

Նախաքննության նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն՝ զգալի չափերով)։

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: