«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները վստահ են, որ հնարավոր է բեկանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը եւ թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը։ (ֆոտոռեպորտաժ)

«Ինչպես որոշել են, այնպես էլ չեղյալ կհայտարարեն»,– այսօր` հունիսի 19–ին, Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեծ հավաքի մեկնարկին հայտարարեցին նախաձեռնության անդամները։

Շարժման անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հունիսի 17–ին ՀԾԿՀ տխրահռչակ որոշումից հետո «Ոչ թալանինը» որդեգրել է փողոցային միասնական պայքարի ուղին, մինչեւ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները չեղյալ կհայտարարեն իրենց որոշումը։

«Չենք հադուրժելու կեղեքված ժողովրդի ավելի մեծ թալանը։ Սա ՀՀ քաղաքացու պայքարն է`անկախ կուսակցական հայացքներից։ Մեր պահանջներն ուղղված են Սերժ Սարգսյանին ու Հովիկին Աբրահամյանին»,– ասաց Արամ Մանուկյանը` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին անվանելով «Սերժ Սարգսյանի մունետիկ»։

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ հոսանքի թանկացումն ավելի կխորացնի առանց այն էլ մեծ անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ, մինչդեռ սակագինն արդեն բարձր էր, եւ այն պետք էր ոչ թե բարձրացնել, այլ իջեցնել։

Նշենք, որ այսօրվա ակցիային միանալու մասին հայտարարել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ–ն, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Ազատության հրապարակում են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Հայկական վերածնունդ» միավորումը, Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am