Երկրում տիրող այսպիսի իրավիճակը ի վերջո հանգեցնելու է հեղափոխության: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին ասացԱնդրիաս Ղուկասյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած պահանջատիրական մեծ երթին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: «Հաջորդ փուլն արդեն զիված հակամարտությունն է լինելու, իսկ դա այն էֆեկտիվ ձեւն է, որը գրավում է բոլորի ուշադրությունը: Խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումը չէ, խնդիրը իշխանությունների վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ: Նրանց ցինիկ վերաբերմունքը արժանանալու է համապատասխան վերաբերմունքի եւ մենք ունենալու ենք կամ կազմակերպված բռնություն, կամ էլ չկազմակերպված: Հանրության ձայնը լսելի է եւ բոլորին արդեն ամեն ինչ պարզ է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօրվա ակցիային միանալու մասին հայտարարել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ–ն, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Ազատության հրապարակում են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Հայկական վերածնունդ» միավորումը։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: