Իսպանական Բարսելոնի քաղաքապետը խոստացել է նվազեցնել մարմնավաճառների եւ սքեյթբորդիստների համար սահմանված տուգանքները:
Ադա Կոլաուն, որը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է անցյալ շաբաթ, հայտարարել է, որ մարմնավաճառների տուգանքները հանգեցնում են նրան, որ նրանց՝ առանց այն էլ դժվարին կյանքն ավելի է դժվարանում: Հաճախ կանանց ստիպում են սեռական ծառայություններ մատուցել փողոցային խմբավորումները:
Բացի այդ, քաղաքապետը խոստացել է վերանայել արգելված շրջաններում զբոսնող սքեյթբորդիստների տուգանքի չափը: Ներկայում այն հասնում է 1.500 եվրոյի:
Ըստ The Local-ի, Իսպանիայում մարմնավաճառությունը քրեական հանցագործություն չի համարվում 1995 թվականից, սակայն մարմնավաճառների շահագործումը, այդ թվում՝ կավատությունը, նախկինի պես պատժելի են համարվում: Կատալոնիայում, սակայն, 2012 թվականից ակտ է գործում, որի համաձայն, փողոցային մարմնավաճառությունը տուգանվում է: Ընդ որում, տուգանք են վճարում ոչ միայն մարմնավաճառները, այլեւ նրանց հաճախորդները:





























