Էլեկտրաէներգիայի թանկացումը արտագաղթը խթանող եւս մի քայլ է, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին այսօր` հունիսի 19–ին, Ազատության հրապարակում NEWS.am–ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը, որը կուսակցության այլ անդամների հետ միացել է «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած նստացույցին։

«Մեր այստեղ մնալու որոշումը ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական որոշում է։ Մենք որպես քաղաքացիներ ենք այստեղ եկել»,– ասաց Ալեն Սիմոնյանը` նշելով, որ Ազատության հրապարակում կմնան մինչեւ կեսգիշեր, քանի որ ճշտել են, որ ոստիկանությունը հնարավոր է` գործողությունների դիմի ժամը 23։00–ից հետո։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամները Ազատության հրապարակ կգան նստացույցի բոլոր օրերին։

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքի կհասնի այս պայքարը, բայց փաստ էր, որ եթե նպատակն անկեղծ է, պահանջը` արդարացի, շատ դժվար է այդ պայքարի դեմն առնել»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: