«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը բացի նստացույցից պետք է հավաք հավաք-երթեր կազմակերպի իշխանությունների վրա ազդելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենք մի շարք առաջարկություններ են արել նախաձեռնությանը, որոնք կամ չեն ընդունվել նրանց կողմից, կամ անտեսվել են:
«Կարծում եմ, որ միայն նստացույցը բավարար չէ ռեժիմի վրա ազդելու համար: Ավելի ազդու քայլեր են հարկավոր: Մենք արդեն հայտարարել ենք, որ բոլոր հարցերի լուծումը մեր երկրում պետք է քաղաքական լինի՝ ռեժիմին հեռացնելով»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























