«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանում իրազեկման ակցիայի ընթացքում Կառավարության եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի մոտով անցան միջնամատերը պարզած՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցման առթիվ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ իրազեկման ակցիա անցկացնողները 1 րոպե կանգնեցին նախարարության եւ կառավարության շենքերի մոտ եւ  բացականչեցին «Ամոթ Զախարյանին» եւ «Ամոթ Կառավարությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am