«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ակցիան ավարտվեց Ազատության հրապարակում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրազեկման ակցիան դրական արդյունք տվեց, քանի որ ակցիայի մասնակիցները մոտ 50 հոգով էին գնացել իրազեկման, բայց վերադարձել են 100 հոգով:
«Ակցիայի մասնակիցներն Ազատության հրապարակ վերադարձան շատացած, դա նշանակում է, որ իրազկման ակցիա անցկացնելը ճիշտ որոշում էր»,-ասաց նա:
Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ նստացույցի մասնակիցներն այսօր երեկոյան ֆիլմ են դիտելու Ազատության հրապարակում, սակայն դեռ չեն որոշել, թե ինչ ֆիլմ:
Նշենք, որ նստացույցի մասնակիցների թիվը կտրուկ ավելացնել է: Նստացույցը մեծ թվով ոստիկաններ են հսկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























