Ես գնում եմ ոչ թե այնտեղ, որտեղ հեշտ է եւ հարմար, այլ այնտեղ, որտեղ կարիք կա: Սրանք հունիսի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծման արդյունքում զոհված ՀՀ քաղաքացի Էդուարդ Պետրոսյանի խոսքերն են, որոնք նա հաճախ է կրկնել ընկերների հետ զրույցներում:
Էդուարդ Պետրոսյանը «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու միսիոներ էր, նա Սիրիա էր մեկնել երեք շաբաթ առաջ: Չնայած շատերի զգուշացումներին, նա ասում էր, որ Սիրիայի քրիստոնյաները վտանգի մեջ են եւ նրանց օգնելու կարիք կա: Երեւանում հավաքելով որոշակի դրամական օգնություն եւ շատ դժվարությամբ ստանալով երկրի վիզան` նա մեկնեց Հալեպ օգնություն բաժանելու եւ քաջալերելու պատերազմի թակարդում հայտնված քրիստոնյաներին: Հունիսի 20-ին լրանում էր նրա վիզայի վավերականության ժամկետը: Երեւանից շատերը խնդրում էին նրան վերադառնալ Հայաստան, բայց նա պնդում էր, որ դեռ պետք է տեղացիներին: Ողբերգական օրը նա հալեպցի Կարո Մկրտիչյանի հետ շտապում էր երկարացնելու վիզան: Երկուսն էլ մահացան ռումբի պայթյունից: Էդուարդ Պետրոսյանն ընդամենը 45 տարեկան էր: Նա ուներ կին եւ երեք զավակ: Կյանքի մեծ մասն անցկացրել էր ավետարանելով բանտարկյալներին, թմրամոլներին` օգնելով նրանց վերականգնել իրենց կյանքն ու ընտանիքները: Նրա ընկերները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ կյանքի ընթացքում հասցրել է ավետարանել ամենադժվարին վայրերում, օգնել շատերի կողմից մոռացված մարդկանց:





























