Օրաթերթը զրուցել է Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ներկայիս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Ի՞նչ անելիք ունեք, որը չէիք կարողանում իրացնել ոստիկանությունում, թե՞ պարզապես Ձեզ դուր է գալիս նախարարի պաշտոնը, նախարար լինելը:
Չէ, գիտեք, նախարարի պաշտոնը դա հաճելի է ընկերների համար, բայց ինքդ որ նախարար ես, դա լուրջ պարտականություններ ա, ու չեմ կարծում, որ մեկը նախարար լինելով, պետք է ուրախանա, որովհետեւ պարտականություններն էնքան շատ են: Ես անձամբ գտնում եմ, որ դժվար է նախարար լինելը, բայց քանի որ արդեն նշանակվել եմ, պետք է իմ առջեւ դրված խնդիրները կատարեմ:
Իսկ Դուք ի՞նչ երաշխիքներ եք տվել ՕԵԿ-ին, որ նախարարի պաշտոնում ընտրությունը Ձեզ վրա կանգնեց: Օրինակ վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Էդուարդ Մադաթյանի պարագայում ասվում էր, որ նա 20 հազար մարդ պետք է բերի կուսակցություն, 400 հազար դոլարի ներդրում պետք է անի: Դուք որքա՞ն ներդրում պետք է անեք կուսակցությունում:
Ոչ մի երաշխիք չի եղել: Իմ ներդրումը կլինի իմ լավ աշխատանքը տվյալ նախարարությունում:
ՕԵԿ-ը Ձեզանից ի՞նչ անկնալիքներ ունի, որ Ձեզ ընտրեց նախարար:
Ակնկալիք ունի, որ ունենա լավ, հզոր նախարար, ինչպիսին ես պետք է լինեմ:
Իսկ ֆինանսական ներդրում չե՞ք արել Դուք ՕԵԿ-ում:
Չէ: Բացարձակ չեմ արել, չեմ անելու, ոչ էլ ունեմ անելու: Ես հպարտ եմ, որ ՕԵԿ անդամ եմ:
Բայց ՕԵԿ-ը հիմա շատ վարկաբեկված կուսակցություն է:
Մի վիրավորեք: Իմ կուսակցությունը վարկաբեկված չի: Չի կարող կուսակցությունը վարկաբեկված լինել: Կարող են մարդիկ լինել վարկաբեկված, որոշ մարդիկ, բայց ամբողջ կուսակցության մասին չի կարելի բան ասել:
Խոսքը հենց կուսակցության ղեկավարի մասին է:
Չէ: Կուսակցության ղեկավարն իմ ընկերն է, ես դա որպես վիրավորանք եմ համարում:



























