AirAsia Indonesia ավիաընկերության՝ Ճավայի ծովում կործանված օդանավի 10 ուղեւորների ընտանիքները ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել օդանավն արտադրող ընկերության եւ ավիափոխադրողի դեմ, հայտնում է The Straits Times-ը։

Ամերիկացի իրավաբան Ֆլոյդ Վիզները կարծում է, որ Airbus ընկերությունը տեղյակ է եղել խնդիրների մասին։

«Այսուհանդերձ, չնայած բազմաթիվ միջադեպերին, նրանք այդ կապակցությամբ ոչինչ չեն ձեռնարկել»,-ասել է նա, գրում է Gazeta-ն։

Բացի այդ, նրա խոսքով՝ զոհերի հարազատներին վճարվել է ենթադրյալ փոխհատուցման կեսը։

Մալայզիական Air Asia  ավիաընկերության Airbus A320-200  օդանավը, որը Սուրաբիից մեկնում էր Սինգապուր, ռադարների էկրաններից անհետացել էր դեկտեմբերի 28-ին։ Օդանավում եղել է 162 մարդ։