ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը, հաշվի առնելով միջազգային կրթական իրավունքի չափանիշները, կատարել է՝ կրթության ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխություն: Ա. Աշոտյանը միաժամանակ, անդրադառանալով կրթության համընդհանուր ներառականության ներդրմանը, կարեւորել է դրա շարունակականության երաշխքիները:
Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու եւ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով: Ծրագրի փորձարկման մեկնարկը տրվելու է Սյունիքի մարզից: Այդ նպատակով միջազգային կառույցների ռեսուրս կենտրոններում կազմակերպվում են մանկավարժների վերապատրաստումներ: Այս համատեքստում նշվել է նաեւ, որ առանձին դեպքերում հատուկ դպրոցները կրթություն են կազմակերպում ոչ միայն առողջական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաեւ սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար, ինչը մտահոգիչ է:
Գործողությունների ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է նաեւ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների եւ հասարակակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համատեղ ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:





























