Գրեթե ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Թուրքիայի քաղաքացիներ են այցելում: Հուլիսի 8-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով երեւանյան 12-րդ միջազգային համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը
Նա տեղեկացրեց, որ այսօր Թանգարան է այցելել Թուրքիայի 4 քաղաքացի: «Դա ոգեւորում է մեզ: Ոգեւորում է այն, որ Հայաստան ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելում շարքային քաղաքացիներ, որոնք հետաքրքիր է ծանոթանալ եւ առերեսվել սեփական պատմության այդ հատվածին: Մենք նաեւ պետք է պատրաստ լինենք աշխատել Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ: Դա շատ կարեւոր է»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը:





























