Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որեւէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երեւան, Հալաբյան 41/ա, 11-րդ հարկ) է ներկայացնում`
1) դիմում(ձեւը http://moj.am/announcements/view/article/101 ), որը պետք է պարունակի`
ա. դիմողի անունը, ազգանունը,
բ. դիմողի բնակության վայրը եւ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
գ. լիազոր մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
դ. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
ե. դիմումը կազմելու տարեթիվը, ամիսը եւ ամսաթիվը,
զ. դիմողի ստորագրությունը.
2) անձնագիրը եւ դրա պատճենը.
3) աշխատանքային գրքույկը կամ սույն հայտարարության 2-րդ պարբերությամբ նախատեսված պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթը եւ դրանց պատճենները.
4) բարձրագույն կրթության վկայականը (դիպլոմը) եւ պատճենը.
5) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 10-ը մինչեւ ժամը 16:00-ն:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլն անց է կացվելու 2015 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1100-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում (հասցե` ք. Երեւան, Հալաբյան 41/ա, 11-րդ հարկ, 1145 սենյակ):
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» 1179-Ն որոշմամբ:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաեւ հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որեւէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Աննա Հարությունյանին` 319-117 հեռախոսահամարով:





























