Գործադիրը ՀՀ բնապահպանության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 7624.3 հազար դրամ է հատկացնում 9 ամսում Սեւանա լճի ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում անցկացնելու համար, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Կառավարության որոշման հիմնավորումից պարզվում է.  «Վերջին տարվա ընթացքում հիդրոակուստիկ դիտարկումները ցույց են տվել, որ Սեւանա լճում տեղի է ունեցել սիգի մասսայական բազմացում, որի արդյունքում լճում հայտնվել է բեղուն սերունդ, իսկ օտարածին տեսակ կարասը եւ խեցգետինը, որոնք հայտնվել են լճում մոտ 30 տարի առաջ, շարունակում է  իր զարգացումը եւ ադապտացումը լճի պայմաններին:

Սեւանա լճի էկոհամակարգի կայուն զարգացման եւ իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է ներկա վիճակի արդունագործական պաշարների` սիգի, կարասի եւ խեցգետնի պաշարների հաշվառման եւ գնահատման աշխատանքների իրականացում: Լճում այդ տեսակների պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան պաշարների օգտագործման եւ Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու եւ պահպանելու միջոցառումների մշակման համար:

Սեւանա  լճի  ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություններ Սեւանա  լճում եւ Սեւանա լիճ թափվող հիմնական գետերում»: