Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ Մուրադ Նազարյանը (Թուրքիայի քաղաքացի) Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում հայտարարել է, որ բանտում սեռական բռնությունների է ենթարկվել:
Թուրքական «Թարաֆ» թերթի փոխանցմամբ, Մուրադ Նազարյանը դատարանում նշել է, որ բանտում իրեն սպառնացել եւ եւ ենթարկվել սեռական բռնության: Դատարանում ներկա են եղել Նազարյանը, սպանված Մարիցա Քյուչուքի զավակներն ու կողմերի փաստաբանները: Մասնավորապես, Քյուչուք ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը նշել է, որ հանցագործության վայրում բծավոր կտորի վրա եղել են նաեւ 4 այլ մարդկանց արյան հետքերը, սակայն իրավապահները որեւէ գործողություն չեն իրականացրել դրանց հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ: Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը պահանջել է, որ այդ մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ քայլեր իրականացվեն:
Նա հարցրել է Նազարյանին, թե ուր են տարել իրեն իրավապահները ձերբակալությունից հետո, ինչին Նազարյանը պատասխանել է. «Սպանությունից հետո զինվորներն ինձ տարան ծովափ եւ սպառնացին. «Մեզ ճիշտն ասա, թե չէ ծովը կնետենք»: Երբ ես հարցի, ինչ եք ուզում, որ ասեմ, նրանք պատասխանեցին՝ քո հանցանքը պիտի ընդունես»:
Նազարյանի փաստաբան Ջաֆեր Գյուլն էլ նշել է, որ այս մարդասպանությունը կազմակերպված ձեւով է իրականացվել եւ մյուս մեղադրյալներն էլ տուն են մտել այն դռնից, որի մոտ տեսախցիկ չի եղել: Նա եւս պնդել է, որ տանը հայտնաբերված կտորի վրա նաեւ 4 այլ անձանց արյան հետքեր են հայտնաբերվել, սակայն չի հայտնաբերվել, թե ում են այդ հետքերը պատկանում: Նա հայտարարել է, որ հիմնական հանցագործները դրսում են:
Մուրադ Նազարյանը դատարանում հայտարարել է, որ բանտում ենթարկվել է սեռական բռնության «Բանտում գտնվելու 28 ամիսների ընթացքում բազմիցս ինձ սեռական բռնւթյան են ենթարկել: Կարծում եմ, որ իմ հայ լինելն այստեղ կապ ունի: Ես այս հարցով դիմել եմ եւ բանտի ղեկավարությանը, եւ դատախազությանը, սակայն իմ այդ դիմումներին ընթացք չի տրվել»:
Նազարյանի ելույթից հետո դատախազը նշել է, որ պետք է բացահայտել հայտնաբերված ԴՆԹ-ի պատկանելիությունը: Նա նաեւ առաջարկել է, որ Նազարյանի հետ բանտում տեղի ունեցածի հարցով հետաքննություն իրականացվի:
Նշենք, որ դատարանն անփոփոխ է թողել Նազարյանի խափանման միջոց կալանքը:





























