ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ Գումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Մարալ Աթալան, որը մասնակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի՝ Երեւանում անցկացվող «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» թեմայով 12-րդ գիտաժողովին:

«Ես չափազանց հիասթափված եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ երկրի արձագանքից կամ, ես կասեի, արձագանքի պակասից: Մեր նախագահը Հայոց ցեղասպանությանը ճանաչելու մասին հայտարարություն է արել մինչեւ ԱՄՆ նախագահ դառնալը: Նա հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, որ դա փաստ է եւ ճշմարտություն: Սակայն նախագահ ընտրվելուց հետո դա չի արել»,- հիշեցրեց Ատտալան:

Այս տարվա ապրիլի 24-ին նա որոշել է, որ այդ օրվանից ամեն շաբաթ զանգահարելու կամ նամակ է ուղարկելու Սպիտակ տուն՝ նախագահին կոչ անելով ճիշտ վարվել եւ կատարել խոստումը: «Եվ ես պատրաստվում եմ դա անել այնքան ժամանակ, քանի դեռ նա նախագահ է, քանի որ խոստացել է, որ այդ պաշտոնում գտնվելու ժամանակ կճանաչի Հայոց ցեղասպսանությունը: Ես դա իմ անձնական առաքելությունն եմ համարում, իմ ուսանողներից ոմանք նույնպես գրում եւ զանգահարում են Սպիտակ տուն»,- ընդգծեց Մարալ Ատտալան:

Անդրադառնալով արդյունքների մասին հարցին, նա նշել է. «Ես առայժմ ոչ մի արդյունք չեմ ստացել: Սպիտակ տուն զանգահարելիս անձը հաղորդագրություն է թողնում, այնուհետեւ օպերատորն այն ուղարկում է հենց նախագահին: Սովորաբար նրանք պատասխանում են. «Շնորհակալություն, մենք Ձեր հաղորդագրությունը կփոխանցենք նախագահին», բայց վերջին անգամ, երբ զանգահարեցի, մյուս կողմից մարդն ասաց. «Ես նույնպես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն ճիշտ կվարվի»: Դա չլսված բան է, քանի որ այդ մարդուգործն ինձ պատասխանելը չէ: Բայց դա հույս է տալիս, որ եւս մեկ մարդ է մտածում, որ մենք հասնում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման»: