Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է կալանավորի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը, տեսակցել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գեւորգյանին, ով իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել,  քանի որ ՔԿՀ-ը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ էլ վարչակազմը հայտնում է, որ եթե ուզում է կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն է, ով ծերության կենսաթոշակառու է:

Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով, վերջինս չէր կարողանում քայլել, հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Վերջինս Ա.Վեզիրյանին ներկայացրել է իր գանգատները՝ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն Նուբարաշեն ՔԿՀ–ը անտեսում է դա, Հ.Գեւորգյանին անվանում են «սիմուլյանտ» եւ պատճառաբանելով, որ իր մոտ միայն բրոնխիտ է, բուժում չեն իրականացնում: Սակայն պետք չէ բժիշկ լինել, որպեսզի հասկանալ, որ բրոնխիտից անձը նման վիճակում չի հայտնվում: Ավելին, հենց քրեակատարողական հիմնարկը մի քանի դատական նիստի վերջինիս չի ներկայացրել առողջական վատ վիճակի պատճառով:

Հ.Գեւորգյանի հացադուլ սկսելու պատճառը եւ պահանջը միայն մեկն է պատշաճ բուժում ստանալը, իսկ թե ինչու քրեակատարողական հիմնարկը այն չի իրականացնում անհասկանալի է, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ դա դիտավորություն է, որն ուղղված է Հ.Գեւորգյանի դեմ (հաշվի առնելով, որ նա քրեական հեղինակություն է, այսպես կոչված «զոն նայող», ով չի համագործակցում ՔԿ վարչակազմի հետ):