Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի առօրյան արդեն 2 ամիս է՝ ինչ տարբերվում է նախկինից: Նաիրա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այժմ ավելացել են հոգսերն ու գործերը, բայց կտրուկ աճել է նաեւ երջանկությունը: «Արթնանալը գիշերվա ընթացքում լինում է 3-4 անգամ, քնելը ստացվում է լավագույն դեպքում 2 ժամ: Մեր տանը, որտեղ նախկինում սովորաբար օրինագծեր եւ օրենսգրքեր էին, ԵԽԽՎ-ի ելույթների թղթեր, այժմ պամպեռսներ, ծծակներ ու մանկական հագուստ է: Իսկ երբ փորձում եմ զբաղվել օրենսդրական գործերով, աղջիկս իսկույն արթնանում է եւ սկսում նստացույց անել, բողոքի ձայնը լսելի է մինչեւ Բաղրամյան պողոտա, նա նստացույց է անում, բայց ոչ երբեք հացադուլ»,-ժպիտով պատմում է պատգամավորը: Նա նշեց, որ արդեն 2 ամսական Արիանան հասցրել է »զբաղվել» օրենսդրական գործունեությամբ, մասնակցել է ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանին: «Մամայի կարգավիճակը պատասխանատու է, բայց շատ հաճելի, իհարկե, կարոտում եմ ակտիվ քաղաքական գործունեությունը, սեպտեմբերից արդեն համադրելու եմ երկուսը, վստահ եմ՝ աղջիկս էլ իր մասնակցությունն է ցուցաբերելու իմ գործունեությանը»,-ասաց պատգամավորը:

Նաիրա Կարապետյանը դստերը խնամում է ամուսնու հետ միասին, իսկ ամառային հանգիստը պատրաստվում են անցկացնել երեքով՝ Ջերմուկում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնացել էր նախորդ տարի՝ իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին: Նաիրա Կարապետյանի ընտրյալը 37-ամյա Գարրի Սնխչյանն է, նա ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, աշխատում է «Ֆուռնիվուդ» ընկերությունում՝ որպես ներմուծման բաժնի ղեկավար:

Պսակադրության արարողությունը կայացել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, նորապսակների օծման արարողությունն անցկացրել էր Պարգեւ Սրբազանը: Ամուսնությունը զույգը բնորոշել էր որպես «Հարսանիք լեռներում», իսկ դուստրը ծնվել է հենց մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, երբ իրականացվել է իրական «Հարսանիք լեռներում» օպերացիան: