ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  եւ թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաեւ ընթացիկ մի քանի այլ հարցեր:

Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր եւ  լրացուցիչ տեղերի  բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում  հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի եւ մշակույթի բնագավառի ինչպես նաեւ մարզային  բուհերին: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության  խնդրանքին,   լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է  հավասար միավորներ ունեցող  դիմորդներին եւս ընդառաջել՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա եւս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը: Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաեւ ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: