Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ մոտ 2 շաբաթ անց մահացած 5-ամյա Էրիկին ի սկզբանե էլ ապրելու հույս չէին տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորապատի գյուղապետ Սամվել Բադալյանը:
Նա նշեց, որ բժիշկները միշտ էլ ասում էին, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ շաբաթներ շարունակ ապրել է արհեստական շնչառության ապարատին միացված, սակայն դուրս չեկավ այդ վիճակից եւ մահացավ: Մեկ ամսից բալիկը կդառնար արդեն 5 տարեկան: Ընտանիքում նաեւ դուստր ունեն: Հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, օրերս է վերադարձել, հավանաբար նորից պետք է մեկնի, մայրը չի աշխատում: «Սոցիալապես անապահով ընտանիք է, երեխան էլ աղիքների խնդիր ուներ, ի ծնե էլ մի շարք առողջական խնդիրներ ուներ»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։ Բալիկը երկու շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո մահացել է:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին աղիքային սուր վարակից մահացել էր եւս մեկ երեխա՝ Արմավիրի մազի Ջրաշեն գյուղի բնակչուհի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը: Նա այդ օրը տեղափոխվել էր Արմավիրի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց եւ ժամեր անց մահացել: Բժիշկները փոքրիկի մոտ ախտորոշել էին սուր աղիքային ինֆեկցիա:





























