Վարդավառին՝ կիրակի օրը, ամեն ինչ արվելու է, որ Երևանը լիուլի ապահովվի ջրով: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողներին ասաց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:

«Պետք է այնպես անենք, որ երեխաները արգելված վայրերում չլողան: Ավելի լավ է ծորակից հոսած ջուր իրար վրա ցողեն»,- նշեց նա:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էլ ասաց, որ Քրիստոսի այլակերպության տոնը, կամ Վարդավառը շարժական տոն է:

«Վարդավառի տոնը բավական լուրջ հոգևոր խորք ունի: Այլակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Կան մեկնաբաններ, ովքեր հեթանոսության շրջանի հետ են կապում այն կամ էլ վարդի ծաղկի` այդ արարողությունների մեջ առկա լինելու պատճառով: Ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար, եկեղեցական կյանքում ևս ունի մեծ նշանակություն: Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցնում: Եվ այդ տրամաբանությամբ է, որ եկեղեցում այդքան շատ ջուր է օգտագործվում տարբեր արարողություններ կազմակերպելու նպատակով»,- ասաց Հակոբ քահանա Խաչատրյանը` նշելով, որ ջրհօրհնության արարողության մեջ մի տրամաբանություն կա` ջուրն օրհնվում է, որպեսզի մշտապես լինի: