Ֆրանսիայի Ժերի դեպարտամենտի Օշ քաղաքի մամուլի տանը հուլիսի 11-ին կկայանա գրող Ֆլորանս Ժիրուար Կոտոնի գրքի շնորհանդեսը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Մկրտիչ Կարագյոզյանի մասին, որն հայտնի էր Ժաննո մականունով: Քաղաքի բնակիչները նրան ճանաչել էին «Դարոլ» սրճարանում մատուցող աշխատելու տարիներին:
Ինչպես գրում է La Dépêche du Midi ֆրանսիական պարբերականը, 200 էջանոց գիրքը կոչվում է «Մկրտիչ. Հայաստանի ափերից մինչեւ Ժերի ափերը»: 1923թ. Ժաննոն Հայաստանից գաղթած 150 երեխաներից մեկն էր, որոնք ապաստան գտան Ժերում:
Մինչեւ 50 տարեկանը Ժանը հուսահատ փորձում էր ընտանիք կազմել, մինչեւ չհանդիպեց Ժերմենին: Նրանք ունեցան 2 երեխա: Ժանը ապրեց մինչեւ 1988թ.:
Գրող Ֆլորանս Ժիրուար Կոտոնի համար մինչ այդ Հայաստանը Ազնավուրն էր ու երկրաշարժը: Սակայն երջանիկ դիպվածով նա հանդիպեց Մկրտիչ Կարագյոզյանի թոռանը՝ Առնոյին, եւ Մկրտչի այրուն՝ Ժերմենին: 4 տարի տեւած ուսումանսիրություններից եւ պատմություններ հավաքելուց հետո գրողը ներկայացրել է Ժաննոյի կյանքի եւ ճակատագրի իրական պատմությունը:




























