Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված «Քարերի աշխարհ» ընկերության սեփականատեր Մարտիրոսյանների ընտանիքը կպատժվի։ NEWS.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մարտիրոսյանների կողմից հարձակման ենթարկված 15-ամյա Էրիկ Մելքոնյանի մայրը՝ Մարինա Ավետիսյանը։
«Գործն արդեն ընթացքի մեջ է։ Ինչքան էլ ազդեցիկ մարդիկ են, չեն կարող օրենքի վրա ազդեցություն ունենալ։ Վստահ եմ, որ օրենքն ինչ պետք ա, կանի, որովհետեւ ամբողջ գյուղն ա ոտքի կանգնել»,– ասաց Մարինա Ավետիսյանը։
Էրիկ Մելքոնյանի հարեւանները պատմեցին, որ հարձակման պատճառն այն է եղել, որ Մելքոնյանների ավագ որդին՝ 30-ամյա Ռազմիկ Մելքոնյանը, Մարտիրոսյանների թոռանը զգուշացրել է իրենց փողոցով դանդաղ վարել մեքենան, քանի որ շատ մանկահասակ երեխաներ կան։
«Իրանք մեծահարուստներ են, շատ փող ունեն, ազդվում են, որ էդ տղու ախպերը ասում ա` կամաց քշի ավտոդ, լիքը երեխա կա փողոցում։ Դրանց թոռը գնում, ընկերներին հավաքում, գալիս ա, մեծ տղեն տունը չի լինում, փոքր տղեն ա տանը լինում, ուզում են ծեծել, էս նստում ա մեքենան, փախնում, հետեւից լարում, 4-րդ փողոցի ներքեւը ջարդում են ավտոն, էս իջնում փախնում ա ավտոյից, հետ են գալիս արդեն պապին, հերը, հորոխպերը»,– պատմեց տուժողների հարեւաններից մեկը։
Մարինա Ավետիսյանի խոսքով՝ հարձակման ենթարկված 15–ամյա որդին, որը վնասվածքներ է ստացել, այժմ հոգեբանական ծանր վիճակում է։
«Էսքան միջադեպերից հետո փոքր տղես շատ ա նեղվում։ Երեխեն ուժեղ հոգեբանական սթրեսի մեջ ա։ Դիմապակին, որ կոտրել են, ոտքերն էր ճղվել թեթեւ, ինքը ողնաշարի թեքություն ունի, որ կռացել էր, մեջքն էր ձգվել»,- մանրամասնեց տիկին Մարինան։
Մարտիրոսյանների հարձակումից տուժած Մելքոնյանները նշեցին, որ մեքենային հասցված վնասի փոխհատուցման հարցը դատարանում կորոշվի։ Հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործի շրջանակներում հուլիսի 9-ին Աշոտ, Հրաչյա եւ Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները ձերբակալվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի բնակչուհի Մարինա Ավետիսյանից, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կ.Մարտիրոսյանը, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա եւ փայտյա մահակներով դիտավորությամբ նրա կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։





























