ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոեւիչի հետ։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակի շրջանակներում խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաեւ կարեւորել իր մասնակցությունը համաժողովին եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում` հուլիսի 12-19-ը ցուցադրվելու է 5 ռումինական կինոնկար:
ՀՀ մշակույթի նախարարը նաեւ կարեւորել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոեւիչի «Մշակութային ժառանգության ռեսուրսները. մշակութային զբոսաշրջություն եւ միասնական մշակութային ժառանգություն» խորագրով զեկույցը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման եւ հոգեւոր հաղորդակցման գործոն» թեմատիկ կլոր սեղանի շրջանակներում:
Բոգդան Ստանոեւիչը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ շեշտել իր հիացմունքը հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի հանդեպ։
Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-ռումինական մշակութային համագործակցության սկիզբը դրվել է 1997թ. սեպտեմբերի 20-ին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի բանագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը եւ ավելացրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010 թթ. համար ստորագրվել է գործնական ծրագիր, որը սակայն շարունակություն չի ստացել:
ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին հայ-ռումինական մշակութային համագործակցության առանցքը կազմում է ռումինահայ ժառանգության ուսումնասիրումը եւ ներկայացումը: Այդ նպատակով 2013-ից ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Ռումինիա էր մեկնել հայտնի ֆրանսահայ գիտնական, պատմաբան Կլոդ Մութաֆյանը` Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու, իսկ հետագայում նաեւ՝ այդ ժառանգությանը նվիրված գիտաժողով ու ցուցահանդես կազմակերպելու համար: Պայմանավորվածության համաձայն, ցուցահանդեսը պետք է կայանա Ռումինիայի Արվեստի ազգային թանգարանում: 2014 թ. ընթացքում Կ. Մութաֆյանը ավարտել է իր ուսումնասիրությունները եւ ձեւավորել ցուցահանդեսի հայեցակարգը:
Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ վերոնշյալ ցուցահանդեսը տեղի կունենա 2016 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում։
Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է արտերկրում գտնվող ազգային ժառանգության ուսումնասիրությունն ու հավաքագրումը: Այդ նպատակով ՀՀ Ազգային գրադարանը նախաձեռնել եւ իրականացնում է աշխարհում առկա հայ գրականության հաշվառում եւ հավաքագրում:
Նախարարը նշել է, որ ներկայում գրադարանը հայտնաբերել է, որ Ռումինիայի Դումբրավեն քաղաքի գրադարանում առկա է հայերեն կամ հայ հեղինակի 14 անուն գիրք, որոնք չկան ՀԱԳ հավաքածուի մեջ։ Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Ռումինիայում ՀՀ դեսպանության միջոցով այդ գրականության կրկնօրինակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցել Հայաստանի ազգային գրադարանին։ Ի պատասխան՝ Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ ընթացք կտա՝ գրականության կրկնօրի-նակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցելու Հայաստան։
Անդրադարձ է եղել նաեւ ռումինահայ գրող, Ռումինիայի սենատի անդամ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր եւ նախագահ, նախկին ֆինանսների նախարար, գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքին։ «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին եւ համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը' արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով:
Հասմիկ Պողոսյանը Բոգդան Ստանոեւիչին է նվիրել «Հայերը Ռումինիայում» լուսանկարչական ալբոմը։




























