ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արծաթե կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին: NEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց Վաղինակ Շուշանյանը՝ ավելացնելով, որ ոստիկանապետը Աստվածաշունչը նվիրել է հունիսի 25-ին՝ իր ծննդյան օրը, հենց Բաղրամյան պողոտայում:
«Դա եղել է ոստիկանական պատնեշի մոտ: Ես այս կողմն եմ եղել, ինքը եղել է մյուս կողմում, պատից պատ անձամբ փոխանցել է գիրքը: Եթե դա լիներ ուրիշ նվեր, անպայման մերժում կստանար, բայց որ Աստվածաշունչ էր նվիրվում կամա, թե ակամա չկարողացա մերժել: Աստվածաշունչը մերժելը ամենասխալ բանն է»,-ասաց Վաղինակ Շուշանյանը:
Վաղինակ Շուշանյանը, այնուամենայնիվ, նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի նվերն ընդունելը չի նշանակում, որ իրենք անձնական մտերմություն ունեն:
«Ես ընդհանրապես, ոչ մի ոստիկանի հետ լավ հարաբերությունների մեջ չեմ»,- ասաց Շուշանյանը:





























