Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությանը։
«Քաղաքականության մեջ անձնապաշտությունն ու կուռքեր ստեղծելը վկայում է տվյալ քաղաքական կառույցի մարգինալության եւ գաղափարական սնանկության մասին: Ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ հայկական իրողություններից մեկը հենց նմանատիպ քաղաքական կառույցների առկայությունն է:
Նմանատիպ քաղաքական կառույցներից մեկի՝ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հայտարարությունն ինքնին արտացոլում է այդ գործելաոճի իրական հետեւանքները: Իրենց քաղաքական ձախողումների եւ հասարակական լայն զանգվածների աջակցությունից զուրկ լինելու պատճառահետեւանքային կապերի վերլուծություն իրականացնելու փոխարեն այս կառույցը զբաղված է սեփական ձախողումներում արտաքին ազդեցության փնտրտուքներով:
Վերոնշյալ կառույցի քարտուղարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ արծարծում է «զրպարտության քարոզարշավ» եզրույթը՝ մեղադրելով «ՔԳ» ՀԿ Խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին, իբր «Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված զրպարտության քարոզարշավ» իրականացնելու մեջ: Տվյալ կառույցի կողմից մեզ ուղղված մեղադրանքները, մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում եւ նպատակ ունեն քողարկելու իրենց առաջնորդի եւ կառույցի կողմից վերջին օրերին սանձազերծված կեղտոտ հակաքարոզչությունն ընդդեմ քաղաքացիական բողոքի մեծ ալիքի:
Վերջին օրերին տվյալ կառույցի կողմից համացանցային արշավ է սկսվել այն կառույցների եւ անհատների նկատմամբ, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական մոտեցումները կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ մղվող քաղաքացիական շարժման հետ: Տվյալ կառույցի ներկայացուցիչները համացանցում կեղծ օգտահաշիվներով տարատեսակ լուտանքներ են թափում իրենց կարծիքը չկիսող քաղաքացիների հասցեին եւ այդքանից հետո համարձակվում են հայտարարություն տարածել իրենց նկատմամբ «զրպարտության քարոզարշավ» սկսելու վերաբերյալ:
Վերջիվերջո, իրենց գործելաոճին ծանոթ ենք բոլորս եւ այն, ինչ նրանց կողմից սանձազերծվել է, եղել է հրապարակային տիրույթում, իսկ հասարակությունն արդեն վաղուց տվել է իր գնահատականը վերոնշյալ խմբակին: Նրանց նախաձեռնած բոլոր քաղաքական գործընթացները տապալվել են՝ չունենալով հասարակական աջակցություն եւ ներկայումս նրանք գիտակցելով իրենց ծրագրերի կատարյալ տապալման հետեւանքները փորձում են «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» տրամաբանությամբ մեղավորներ փնտրել:
Տվյալ կառույցի կողմից արված հայտարարության բովանդակությանը անդրադառնալու կարիք չկա նույնիսկ, քանի որ նրանց կողմից հնչեցված մեղադրանքներն ամբողջությամբ մերկապարանոց եւ անձնական բնույթի են:
Մեր Կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, նմանատիպ հայտարարությունների բովանդակային մասին անդրադառնալը համարում է ժամանակի անիմաստ կորուստ, իսկ հետաքրքրվողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Հիմնադիր խորհրդարանի» ծավալած գործունեությանը եւ դրա արդյունավետությանը: Միայն մի հավելում՝ մի կառույցի հայտարարություններին լուրջ վերաբերվելը, որն իր ղեկավար կազմի անդամներին հեռացնում է «անբարո վարքագիծ դրսեւորելու համար», անշնորհակալ գործ է»,- ասվում է «ՔԳ» ՀԿ Խորհրդի հայտարարության մեջ։





























