ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաեւ՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:

Հանրապետության նախագահը ոչ պակաս կարեւոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երեւան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը եւ հարուստ մշակութային ժառանգությանը:

Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին: