Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչները օգոստոսի 12-ին կստանան նոր բնակարանների սեփականաության վկայականները, իսկ այն բնակիչները, որոնք մինչեւ օրս վարձավճարով են ապրում, կստանան նաեւ 2 ամսվա չվճարված վարձավճարները: Ինչպես NEWS.am-ին հայտնեց բնակիչներից Ռուզաննա Կարապետյանը, իրենց նման խոստում են տվել կառավարությունում։

Ռուզաննա Կարապետյանը նշեց, որ վարչապետ Հովիկի Աբրահամյանի հետ երեկվա հանդիպմանը քննարկվել են բնակիչների բոլոր պահանջները, որոնց լուծման վերաբերյալ 10 օրվա ընթացքում իրենք կտեղեկանան:

Բնակչուհու խոսքով՝ դեռ վաղ է խոսել հանդիպման արդյունավետության մասին:

«Ամեն անգամ հանդիպումից հետո մարդիկ մեծ հույսով եւ հավատով են հեռանում: Թե ինչքանով գոհ կլինենք, ընթացքը ցույց կտա: Եթե սկսեն իսկապես փոխհատուցումները եւ բնակարանները տալ, մարդիկ իսկապես գոհ կլինեն: Միշտ էլ խոստումներ լսում ենք, հենց անցան գործի, նոր կհավատանք եւ գոհ կլինենք, բայց 8 տարին բավական ժամանակ է սպասելու համար»,- ասաց Ռուզաննա Կարապետյանը:

Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները երեկ հանդիպում են ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել է հետամուտ լինել նրան խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով: