«Երրորդմասցի Լյովիկի» սպանությունից հետո առավել հայտնի դարձած Դավիթ Իսպիրյանի գործով դատավճիռ է կայացվել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը  երեկ՝ հունիսի 14-ին, որոշել է Դավիթ Իսպիրյանին դատապարտել 8,5 տարի ազատազրկման: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Դավիթ Իսպիրյանին դատապարտել 8,5 տարվա ազատազրկմանը, ինչը դատարանը բավարարել է: Փաստաբանը շեշտեց, որ համաձայն չեն վճռի հետ, պետք է Դավիթ Իսպիրյանի գործողությունները որակվեր անհրաժեշտ պաշտպանություն եւ նա արդարացվեր:

Վճիռը ստանալուց հետո նրանք կքննարկեն Վերաքննիչ դատարան դիմելու հարցը:

Հիշեցնենք, որ Դավիթ Իսպիրյանը 2011թ Կիևյան փող. 2բ շենքի բակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ապա Արթուր Ղալումյանին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, իր կողմից ապօրինի կերպով կրակվող հրազենով, կրակել է նրա ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։ Դրանից բացի՝ 2015թ նա Ուկրաինայի հանրապետության քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք։

Ի դեպ, Դավիթ Իսպիրյանը հենց այն երիտասարդն է, ում մոտ այցելել էր «Երրորդմասցի Լյովիկը» սպանության օրը: Նա «Արաբկիրցի Վլադի» որդին է եւ նրանց է պատկանում «Հաղթանակ» զբոսայգում գործող «Իսպիրնոց» կոչվող խորտկարանը։