Պենտագոնը ծրագրում է էքսպանսիվ գնդակներ օգտագործել, որպեսզի բարձրացնի թեթեւ հրազենի, մասնավորապես՝ ատրճանակի կիրառման արդյունավետությունը: Այս մասին գրում է Army Times-ը:

Ի տարբերություն սովորական փամփուշտների, էքսպանսիվ գնդակների ազդեցությունն ավելի մեծ է: Դրանք զգալիորեն ավելացնում են իրենց տրամագիծն ու հայտնվելով մարդու մարմնում՝ դեֆորմացվում, ինչը փափուկ հյուսվածքների ավելի մեծ մակերես է խոցում:

Ներկայում այդպիսի գնդակներ օգտագործվում են միայն ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի կողմից, մասնավորապես, հակաահաբեկչական գործողությունների ընթացքում: Սովորական զորքերում այդպիսի զինամթերքի օգտագործումը կփոխի մարտական պրակտիկան, որը ձեւավորվել է ավելի քան 100 տարի առաջ:

Հաշվի առնելով, որ ամերիկյան բանակի մի շարք գործողություններում էքսպանսիվ գնդակներն արդեն օգտագործվում են, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայել է դրանց օգտագործման գոյություն ունեցող ստանդարտները: Դա, առաջին հերթին, ամերիկյան զորքերին առավելություն կտա «անհամաչափ» ռազմական գործողություններում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, էքսպանսիվ գնդակները կարող են օգտագործվել հեռանկարային հրազենի համար, մասնավորապես, XM-17 նախագծի շրջանակում ծրագրվող ամերիկյան նոր ատրճանակների համար:

Միաժամանակ, Army Times-ը նշում է, որ 1899 թվականի Հաագայի խաղաղության առաջին կոնվենցիան արգելել է օգտագործել այն գնդակները, որոնք մարդու մարմնի ներսում դեֆորմացվում են: Ամերիկյան զինվորականները մինչեւ հիմա հետեւում էին կոնվենցիայի այս արգելքին, չնայած պաշտոնապես չեն վավերացրել այն: