ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում: Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի` ներկայում ՀՀ Լոռու մարզի խոշոր լեռնամետալուրգիական ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից հատկացվում են սուբվենցիաներ ՀՀ Լոռու մարզի ազդակիր 8 համայնքի:
2014 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի գումարից Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն եւ Հագվի համայնքներին հատկացվել էր 216 մլն 688 հազար դրամ, իսկ 2015 թվականին 150 մլն 509 հազար դրամ է հատկացվել Ալավերդի, Աքորի, Հաղպատ եւ Օձուն համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Հատկացված սուբվենցիաներով համայնքներում իրականացվել են խաղահրապարակների կառուցում, Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգու կառուցապատում, համայնքային ճանապարհների վերանորոգում, նոր ճանապարհների եւ կոյուղագծերի կառուցում:
Ալավերդու քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2014թ. հատկացված սուբվենցիաների միջոցով իրականացված բնապահպանական ծրագրային միջոցառումների արդյունքները եւ 2015թ. նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Լոռու մարզի բնապահպանական խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, բնապահպանական վճարներից սուբվենցիաներ ստացած Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն եւ Հագվի համայնքների ղեկավարները, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերը, ՀՀ ԲՆ տարածքային բաժինների ղեկավարները:
Համայնքի ղեկավարները բնապահպանության նախարարին առաջարկել են այնպես անել, որ համայնքներին սուբվենցիաներ տրամադրվի ամեն տարի` առանց ընդհատումների:
Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ տրամադրվող սուբվենցիաների ընդհատման պատճառն այն է, որ համայնքները նախորդ տարիներին նախատեսվածից ավելի շատ են պահանջել եւ ստացել գումարներ, ինչի արդյունքում առաջիկա տարում որոշ համայնքների հատկացում չի նախատեսվում: Նախարարը հայտնել է, որ պետք է մշակվի այնպիսի մեխանիզմ, որով ամեն տարի համայնքները որոշակի համամասնությամբ ստանան սուբվենցիաներ, եւ հավելել, որ հանքարդյունաբերող ընկերություններում ստուգումներ անցկացնելու ժամանակ Բնապահպանության նախարարությունը համապատասխան մեխանիզմներով հաշվարկելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, օրենսդրական հիմնավորումներով վերջիններիս կառաջարկի ավելացնել բնապահպանական վճարները: Համայնքապետերը բարձրացրել են նաեւ ոչ մետաղական հանքերից բնապահպանական վճարներ հարկելու խնդիրը: ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ բարձրացված խնդիրը կքննարկվի եւ գործող օրենքների շրջանակում լուծում կտրվի, կարվի ամեն ինչ ի շահ համայնքների եւ շրջակա միջավայրի` հիշեցնելով նաեւ, որ բոլոր հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախագծերում ազդակիր համայնքների համար սոցիալական աջակցության ծրագրեր ունեն:
ՀՀ բնապահպանության նախարարը, պատասխանելով համայնքապետերին հետաքրքրող հարցերին, պատրաստակամություն է հայտնել արագ արձագանքել նրանց կողմից բարձրացվող ցանկացած բնապահպանական խնդրի եւ համապատասխան հանձնարարականներ տվել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Նախարարն այցելել է Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգու շինհրապարակ: Զբոսայգու կառուցման համար 2014թ. սուբվենցիաներից հատկացվել էր 36 մլն 788 հազար դրամ, իսկ ծրագրի շարունակության համար 2015-ին` 31 մլն 214 հազար դրամ: Արամայիս Գրիգորյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին եւ դրանց ավարտման ժամկետներին:
Նախարարն այցելել է նաեւ ՀՀ ԲՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության
մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի Լոռու տարածաշրջանի լաբորատորիա: Նախարարը տեղում հետեւել է լաբորատոր աշխատանքներին: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մթնոլորտային օդի եւ մակերեւութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքները:





























