ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն այսօր այցելել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց՝ ծանոթանալու «Արի տուն» ծրագրի մասնակիցների հայոց լեզվի 5-օրյա դասերի ընթացքին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Դասարանները ձեւավորվում են լեզվական իմացության մակարդակին համապատասխան, որի հիմքում դրված են տարածաշրջանային եւ օտար լեզվի (որպես հիմնական լեզվի) իմացության առանձնահատկությունները:

«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը եւԵրեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել են դասարաններ, ներկա գտնվելն դասընթացներին, լսել արիտունցիներին ու ծանոթացել նրանց՝ մայրենիի գիտելիքներին:

Սուսաննա Աբազյանի դասարանից Դավիթ Ջանամյանը եւ Վլադիմիր Նադիրովը (Վրաստան) ասմունքել են Սայաթ-Նովա, իսկ Գայանե Բաբլոյանի դասարանից Լեւոն Թադեւոսյանն (Ուզբեկստան) իր անկեղծ հիացմունքն է հայտնել Հայրենիքի, նրա տեսարժան վայրերի մասին, խոստացել, որ պիտի գա ու հաստատվի Հայաստանում:

Արդեն չորս տարի է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը գրկաբաց հյուրընկալում է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, իրականացնում հայոց լեզվի ուսուցման արդյունավետ դասընթացներ, որտեղից արիտունցիները հեռանում են հարստացած հայոց լեզվի, Հայրենիքի, հայոց պատմության ու մշակույթի մասին գիտելիքներով: