Քաղաքացիական շարժումները պետք է օգտագործել՝ որպես նախադուռ հետագայում քաղաքական լուծումների հասնելու համար: Այսօր՝ հուլիսի 15-ին, նման կարծիք հայտնեց «100-ամյակն առանց ռեժիմի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Քաղաքացիական շարժումները կարեւոր են որպես նախադուռ, սակայն նախապատրաստական գործառույթն իրականացնելուց հետո պետք է նախադրյալներ հանդիսանան քաղաքական լուծումների համար: Հակառակ պարագայում որեւէ լուրջ հաջողության չենք հասնի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Մինչդեռ, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին համոզված է, որ քաղաքացիական նախաձեռնությունները բավականին հաջողություն են գրանցել, հատկապես վերջին տարիներին:
«Ինձ համար քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքականության վրա ազդելու միջոց են»,- ասաց Բորիս Մուրազին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը կարծում է, սակայն, որ բոլոր քաղաքացիական շարժումները քաղաքական են:
«Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը քաղաքական ակցիա է: Քաղաքացիական ակցիա է, երբ ոստիկանության աշխատակիցը փողոցում խախտում է օրենքը, դու մոտենում ես եւ ասում՝ հարգելի ոստիկան, մի խախտիր օրենքը: Այնպես որ մեր բոլոր ակցիաները քաղաքական են, ոչ թե քաղաքացիական, ինչպես պնդում են բոլորը»,- ասաց Դանիել Իոանիսյանը:
ՀԿ ղեկավարը, անդրադառնալով վերջին տարիներին անցկացվող բոլոր ակցիաներին, նշեց, որ կան խնդիրներ, որոնց լուծման համար հենց պետք է քաղաքացիները պայքարեն:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն էլ համոզված են, որ եթե կուսակցություններն իրենց օգնեին, ապա այսօր արդյունքն այլ կլիներ:
«Պատգամավորները միայն սիրուն-սիրուն խոսում են, բայց ոչինչ չեն անում: Այդ պատճառով էլ մենք ստիպված դուրս ենք գալիս փողոց՝ պայքարելու այս կամ այն խնդրի դեմ: Մենք պետք է այնքան շատ լինենք, որ մեր նկատմամբ բռնություն չկիրառեն: Երբ մի նախաձեռնություն սկսում է պայքարը, մյուս շարժումն ասում է՝ ես համաձայն չեմ, փողոց դուրս չեմ գալիս: Մեզ համախմբվածություն է անհրաժեշտ: Ամեն մեկս առանձին ոչինչ անել չենք կարող»,- ասացին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:





























