Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույին»՝ Արթուր Ղազարյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենց խիստ անհանգստացնում է Արթուր Ղազարյանի առողջական վիճակը: Նա այժմ դեղորայքային բուժում է ստանում: Ձերբակալված ժամանակ Տույի համար մի քանի անգամ «Շտապօգնություն» են կանչել, մինչ այդ նա էլի առողջական խնդիրներ ուներ, որոնք այժմ սրվել են:

Ի դեպ, Տույը մինչ օրս ցուցմունք չի տվել:

Նշենք, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ոստիկանության բաժնից ստացած նյութերի հիման վրա՝ 2015 թվականի  հուլիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Ա.Ղազարյանը ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է «Քանաքեռցի Տույ» մականունով: