Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ:
Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշեց. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում եւ «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը մեզ համար սփյուռքի կարեւորագույն կրթօջախներից է, որը ունի մեծ ավանդ Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»:
Սրապիոնյանը կարեւորեց նաեւ Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի եւ հայկական արմատների հետ ամուր պահելու գործում:
Այնուհետեւ վարժարանի սաները պատմեցին Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի եւ իրենց տպավորությունների մասին:
Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ:
«Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաեւ մանկապարտեզ: Միջնակարգ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 700-ի:





























