Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրը՝ Անահիտ Եսայանը, դիմել է դատարան եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանից 14 մլն. դրամի փոխատուցում է պահանջում որդու հուղարկավորության ծախսերի համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դատապարտյալի պաշտպան Գեւորգ Գյոզալյանը:
Պաշտպանի խոսքով՝ դատավարության նախնական փուլում դեռեւս վաղ է որեւէ դիրքորոշում հայտնել հայցի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ:
«Ապացուցողական բազան այս պահի դրությամբ դեռեւս թույլ է, բայց դա չի նշանակում, որ հաջորդ նիստին նրանք ապացույցներ չեն ներկայացնի: Այսինքն` մենք գտնվում ենք նախնական դատաքննության փուլում, որտեղ պետք է ապացույցներ ներկայացնեն»,- ասաց պաշտպանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռը` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:





























