Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը ի սկզբանե վստահ էր, որ ամուսնուն վաղաժամ ազատ չեն արձակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Մարգարիտան:
«Ոչ մի հույս էլ չունեինք, որ վաղաժամ ազատ կարձակեն, չնայած, որ պատճառ էլ չկար ազատ չարձակելու: Մեր միակ հույսը համաներումն էր, այն էլ չեղավ, հիմա սպասում ենք՝ գոնե սեպտեմբերի 21-ին համաներում լինի»,-ասաց տիկին Մարգարիտան՝ նշելով, որ դեռ չեն մարել հօգուտ պետության բռնագանձված տուգանքի համար վերցրած պարտքը: Տիկին Մարգարիտան պատմեց, որ իրենց 13 հոգանոց ընտանիքն այժմ միայն թոշակով է ապրում եւ ոչ մի հույս էլ չունեն, որ գումար կունենան պարտքը մարելու համար:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, մի մասը պարտքով, մի մասը դրամահավաքից ստացված գումարներով վճարել է 2000 դոլար տուգանքը, որը դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր Ավետիսյանների ընտանիքից հօգուտ պետբյուջեի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամ ազատելու համար ներկայացված միջնորդությունը մերժել են առանց որեւէ հիմնավորման: Նրա փաստաբանը պատրաստվում է այս որոշումը բողոքարկել դատական կարգով:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է գտնվում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել էին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը։





























