Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիները, ամենայն հավանականությամբ, մինչեւ հուլիսի վերջ բողոքի ակցիաներ չեն անի: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Արդեն հավաքվելու իմաստ չկա, որովհետեւ խնդրի լուծման ծայրը կարծես երեւում է: Նաիրիտցիները լիահույս են, որ նախարարի խոստացածի պես աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն այս 12 օրվա ընթացքում»,-ասաց նա:

Անուշ Հարությունյանի խոսքով՝ այսօր Կառավարության մոտ մի քանի տասնյակ նաիրիտցիներ են հավաքվել, որպեսզի տեղեկանան աշխատավարձերի մարման ժամանակացույցի մասին:

Նաիրիտցիներից ոմանք թերահավատորեն են վերաբերում այդ խոստմանը եւ վստահեցնում են, որ չվճարելու դեպքում իրենց քայլերի համար պատասխանատու չեն:

«Եթե չվճարեն, ես ենթադրում եմ, որ կառավարության համար հեչ լավ բան տեղի չի ունենա, ես պատասխանատու չեմ, թե նաիրիտցիներն ինչի են ընդունակ եւ ինչ կարող են անել,- ասաց Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ շուրջ 350 նաիրիտցի ստորագրել է աշխատավարձերի տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայագիրը, որից հետո 7 օրվա ընթացքում պետք է ստանան աշխատավարձերը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն, սակայն այսօրվա դրությամբ աշխատակիցներից ոչ մեկի հաշվին դեռեւս գումար չի փոխանցվել: Նաիրիտցիները ստիպված են ստորագրել աշխատավարձի տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն կստանան իրենց աշխատավարձերը: Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: