Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով Տիգրան Ասատրյանին նորից դատարան կանչելու անհրաժեշտություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:

Նա նշեց, որ Տիգրանը արդեն մի անգամ հրավիրվել է դատարան, եւ օգտվելով մեղադրյալի իր կարգավիճակից՝ ցուցմունք չի տվել եւ հրաժարվել է հարցերին պատասխանել: Տիգրան Ասատրյանը նշել է, որ իր ցուցմունքն այն է, ինչ գրել է, դրան ավելացնելու ոչինչ չունի:

Փաստաբանի կարծիքով՝ Իսրայել Սարգսյանի հայտարարությունները մերկապարանոց են:

Նշենք, որ Իսրայել Սարգսյանը պահանջում է դատարան կանչել սպանության գործով մեղադրյալ, ստորագրությամբ ազատ արձակված Տիգրան Ասատրյանին: «Միակ վկան, որ գործում կա, ինքն ա: էս մնացած 87 վկաները գալու են ու գնան, ոչ ոք ոչ մի բան չի խոսալու, որովհետեւ ոչ մեկ ոչ մի բան չգիտի: Միակ մարդը, որ պետք ա գա, ինքն ա ու չի գալիս: Մի անգամ եկավ ու փախավ: Ինչի՞ց ա փախնում ինքը: Եթե տենց լավ տղա ա, ճիշտ տղա ա, թող գա պատասխան տա: Թող բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ ա թաղված: Թող գա, Թեւոսն իմանա՝ իրա սանիկը ընտանիքին ինչքան նվիրված տղա ա: Թող ինքն էլ ինձ հարցեր տա, ես պատրաստ եմ իրա բոլոր հարցերին պատասխանել: Ես չունեմ վախենալու: Ինչի՞ ա ինքը վախենում, խուսափում ստեղ գա, իմ աչքերին նայի եւ հարցերիս պատասխանի: Ինքը լավ հասկանում ա, թե ես իրան ինչ հարցեր պետք ա տամ»,- բորբոքված հայտարարել էր Իսրայել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Իսրայել Սարգսյանի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ Տիգրան Ասատրյանի մասով դեռ նախաքննություն է ընթանում, կալանավորում խափանման միջոցը փոխվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: