«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ամառային ճամբարում հանրապետության մարզերից եւ Երեւանից ավելի քան 110 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի եւ կրթության միջեւ` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ եւ նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառելու գործնականում եւ բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ եւ մոտեցումներ առաջարկելու հնարավորություն:
«Ուրախ ենք աջակցել սովորելու եւ կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր այս երիտասարդներին եւ պատրաստ ենք օգնել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, եւ շատ կարեւոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցույթի ընթացքում ճամբարականներին ներկայացվել էր բիզնես-առաջադրանք` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սակագնային պլաններից մեկի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 10 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվեցին MTS Smart Start սմարթֆոններով:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների 4500-ից ավելի աշակերտների տնտեսագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաեւ բիզնես էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին եւ հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկելու գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:




























